Պահքի այս օրը աղոթքս Մարդ տեսակին եմ ուղղում։
26. Աստուած ասաց. «Մարդ ստեղծենք մեր կերպարանքով ու նմանութեամբ, նա թող իշխի ծովի ձկների, երկնքի թռչունների, ողջ երկրի անասունների եւ երկրի վրայ սողացող բոլոր սողունների վրայ»:
27. Եւ Աստուած մարդուն ստեղծեց իր պատկերով, Աստծու պատկերով ստեղծեց նրան, արու եւ էգ ստեղծեց նրանց:
28. Աստուած օրհնեց նրանց ու ասաց. «Աճեցէ՛ք, բազմացէ՛ք, լցրէ՛ք երկիրը, տիրեցէ՛ք դրան, իշխեցէ՛ք ծովի ձկների, երկնքի թռչունների, ողջ երկրի բոլոր անասունների ու երկրի վրայ սողացող բոլոր սողունների վրայ»:
29. Աստուած ասաց. «Ահա ձեզ տուեցի ողջ երկրի վրայ տարածուած սերմանելի բոլոր բոյսերի սերմերը եւ իրենց մէջ պտուղ սերմանելու սերմ պարունակող բոլոր ծառերը: Դրանք թող ձեզ համար սնունդ լինեն,
30. իսկ բոլոր կանաչ խոտերը երկրի բոլոր գազանների, երկնքի բոլոր թռչունների եւ երկրի վրայ սողացող բոլոր սողունների՝ բոլոր կենդանիների համար թող լինեն կեր»: Եւ եղաւ այդպէս:
31. Աստուած տեսաւ, որ այն ամէնը, ինչ ստեղծել էր, շատ լաւ է: Եւ եղաւ երեկոյ, եւ եղաւ առաւօտ՝ օր վեցերորդ:
(Հին Կտակարան / Գիրք` 1. Ծննդոց / Գլուխ 1 / ՍՏԵՂԾԱԳՈՐԾՈՒԹԵԱՆ ՊԱՏՄՈՒԹԻՒՆԸ)
****************
Ամենակարող Տեր, թող մարդիկ մնան ստեղծածդ պատկերով կին և տղամարդ։ Թող աճեն ու բազմանան, բայց կարեւորը մնան Մարդ։
Հա՛յր, պահապան եղիր Մարդուն և օգնիր որ պատվիրաններիցդ չշեղվենք, ամեն Օձի չլսենք, արգելված պտուղ չճաշակենք, մեր տունը, Հայրենի հողն ու ջուրը, որ մարդու համար ստեցծեցիր, Դրախտի պես սիրենք ու վախենանք այն կորցնելուց, վտարվելուց ...
Ներիր Տեր մեր մեղքերը, Աստծո դատաստանին արժանացած Ադամից սերվածներիս։
Տե՛ր թույլ տուր մարդն իր սխալները հասկանա, Աստվածաշնչյան խրատներին ականջ դնի ու ուսյալ լինելով իմաստանանա, մեղքեր չգործելու համար։
Սուրբ գրքի ՄԱՐԴԿԱՅԻՆ օրենքների ընկալմամբ, թույլ տուր մեղք գոծողը գիտակցի իր արարքները, զղջա ու ապաշխարի։
Հայր մեր, Մարդ մնալու արարչագործությանդ գիտակցությամբ աղաչում եմ ներումդ ու գթասրտությունդ հայցում, որ «Կենաց ծառի» բերկրանքի հույս տաս մարդուս սերունդներին։
Տե՛ր, ամեն օր աղոթքս Քեզ եմ ուղղում, հայցելով մարդկային մեղքերիս թողություն։
Նարինե ԿԻՐԱԿՈՍՅԱՆ